09:09 16 հուլիսի, 2024NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
«Օլիմպիական VLOG»-ի այս թողարկումը նվիրված է ծանրամարտի օլիմպիական մրցաշարում մասնակցության իրավունք նվաճած Հայաստանի երեք մասնակիցներին:
Քանի որ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թույլ չի տալիս մրցելույթներից առաջ զրուցել ծանրորդների հետ, «Օլիմպիական VLOG»-ի շրջանակում Լուսինե Շահբազյանը հանդիպել է Փաշիկ Ալավերդյանի հետ:
«Օլիմպիական խաղերի նախապատրաստական բոլոր փուլերն անցել ենք: Արված աշխատանքի մակարդակը բավականաչափ բավարար եմ համարում առայժմ, բայց դա չի նշանակում, որ արդեն կարող ենք խոսել մեդալների մասին: Մեդալներ կլինեն այն ժամանակ, երբ մրցահարթակից իջնելիս լինենք:
Հնարավորությունների մասին չենք խոսում: Նախօրոք ես չեմ կարող ասել: Բոլորն էլ գիտեն մեր ծանրորդների հնարավորությունները:
Վարազդատ Լալայանի քաշային կարգի մրցապայքարի մասին ես ավելի շատ բան գիտեմ: Կստացվի՞, կստացվի, ո՞չ, ինչ կարող եմ ասել: Մենք ձգտում ենք ավել բարձրացնել: Լաշա Տալախաձեի հետ ես գործ չունեմ: Չի կարելի մրցակցի մասին որեւիցե բան խոսել: Ամոթ է: Ես կուզենայի՝ նա գա, մասնակցի, տեսնենք, թե ով, ինչ է անում: Ես նրան ոչինչ չեմ ցանկանում, միայն առողջություն եւ երջանկություն: Եվրոպայի առաջնությունում նա վնասվածք ուներ, մի հատ էլ ուներ, չկարողացավ: Հիմա էլ կուզենամ, որ առանց վնասվածքի մասնակցի. կտեսնենք, թե ում մայրն է «տղա բերել»:
Գարիկ Կարապետյանը երիտասարդ մարզիկ է: Կմասնակցի, Աստված իր հետ:
Անդրանիկ Կարապետյանի մասին երեք Օլիմպիական խաղեր ասում ենք: Նորմալ է, իրեն համար գլուխը կախ անում է:
Ով կարող է ինձ այս Օլիմպիական խաղերում նշաձող դնել: Մենք աշխատում ենք ցույց տալ մեր լավագույն արդյունքը, մի բան էլ ավել: Մենք որոշել ենք բարձացնել մեր ֆիզիկական ունակություններից ավել: Արդեն գրեթե հասնում ենք:
Մեր առջեւ խնդիր ենք դրել՝ լավ մասնակցենք ու հետ գանք: Ես չեմ ուզում պարտված հետ գալ: Ես չեմ ուզում, որ հանկարծ մեդալ չլինի: Մտածում եմ՝ ամեն ճանապարհ գտնել, որ ամեն մեկն իր ճիշտ տեղը գրավի: Այնպես ենք անում, որ հանկարծ մեր՝ մարզիչներիս կողմից որեւէ բացթողում չլինի, չլինի այնպես՝ մենք սխալ լինենք, սխալ կիլոգրամներ ուղարկենք: Ես այս ամենի մասին գիշեր ցերեկ մտածում եմ:
Տոկիո-2020-ում մեկ մասնակից ենք ունեցել, ի՞նչ դաս պետք է քաղենք: Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղ ընկավ, վա՞տ էր: Ես վատ եմ համարում, որովհետեւ դուք խանգարեցիք: Ես ասել էի, որ Տոկիոյից առաջ նրանից հարցարզույց չվերցնեք, հոգեբանորեն մարզիկին «մորթում» եք: Թող գան մասնակցեն, հետո ինչ ուզում եք, արեք: Այ, հիմա գնացեք, ինչքան ուզում եք, նկարեք. տանը նստած է: Ես չգիտեմ՝ մարզում անում է, թե ոչ: Եթե իմ հավաքականի մեջ չի, ես չգիտեմ, գուցե տանը մարզվում է:
Ես այն մարդը չեմ, որ մինչեւ առուն թռնելը «հոպ» ասեմ: Առուն թռնում եմ, նոր ասում՝ «հոպ»:
Իմ գերնպատակն է, որ Հայաստանը դառնա աշխարհի չեմպիոն, որ Հայաստանի պես պետություն չլինի, որ կողքս կանգնող թշնամիներն ամոթից հեռանան իմ կողքից»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:
2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+102կգ):
ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ, ծանրամարտ +102 կգ
Ծնվել է 1999 թ. մայիսի 1-ին, ամուսնացած չէ
2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
Վարազդատ Լալայանը Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 22:30-ին:
ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ծանրամարտ, 89 կգ քաշային կարգ
Ծնվել է 1995 թ. դեկտեմբերի 15-ին, ամուսնացած է, ունի որդի
2012 թ. Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, 2015 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն: Մասնակցել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ ծանր վնասվածք է ստացել եւ լքել պայքարը: Վնասվածքից հետո 2017 թ. վերադարձել է մրցահարթակ եւ Եվրոպայի առաջնությունում գրավել 5-րդ տեղ: 2017 թ. Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է. 2017 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2020 թ. International Fajr Cup վարկանիշային մրցաշարի փոքր ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի առաջնության փոքր արծաթե մեդալակիր: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցել է 374 կգ (178+196) արդյունք: Պոկում վարժությունում 178 կգ-ով սահմանել է Եվրոպայի ռեկորդ: 2023 թ. աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր է:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
Անդրանիկ Կարապետյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին Երեւանի ժամանակով 17:00-ին:
ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ծանրամարտ 102 կգ քաշային կարգ
Ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում
2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
Գարիկ Կարապետյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 13:30-ին:
Հայաստանի թիմը օլիմպիական մայրաքաղաք կմեկնի հուլիսի 25-ին:
«Օլիմպիական VLOG»-ում կներկայացվեն Հայաստանի բոլոր օլիմպիականները Փարիզ-2024-ում:
«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.