Տոկիո-2020․ Վերջնական մեդալային հաշվարկը

13:46   8 օգոստոսի, 2021

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը նվաճեց 39 ոսկե, 41 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում ամերիկացիները նվաճել էին 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալ՝ դարձյալ գրավելով առաջին տեղը։

Տոկիոյի Խաղերում Չինաստանը վերջին օրը նահանջեց երկրորդ տեղ՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ։ Ռիոյի Խաղերի համեմատ չինացիները զգալիորեն մեծացրին ոսկե եւ արծաթե մեդալների քանակը։ Անցած Խաղերում Չինաստանը նվաճել էր 26 ոսկե, 18 արծաթե, 26 բրոնզե մեդալ՝ գրավելով երրորդ տեղը։

Ճապոնիան գրավեց երրորդ տեղը՝ 27 ոսկե, 14 արծաթե, 17 բրոնզե։ 5 տարի առաջ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիան նվաճել էր 12 ոսկե, 8 արծաթե, 21 բրոնզե մեդալ եւ գրավել 6-րդ տեղը։

Տոկիոյի Խաղերի առաջատար տասնյակում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը (դոպինգային խախտումների համար ներկայանում էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտե, առանց պետական դրոշի եւ հիմնի), Ավստրալիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան։

17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդն է մեդալային հաշվարկում:

Հիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.