Տոկիո-2020. Արման Դարչինյանի նոկաուտով պարտության տեսանյութը

11:50   1 օգոստոսի, 2021

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանն (75 կգ) օգոստոսի 1-ին ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

Քառորդ եզրափակիչում վանաձորցի բռնցքամարտիկը մենամարտեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ և առաջին ռաունդի ավարտից 53 վայրկյան առաջ պարտվեց նոկաուտով: Հաղթանակի դեպքում Արման Դարչինյանը կապահովեր առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիո-2020-ում Արման Դարչինյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ: 

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է միայն 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը մեկնարկային 2 գոտեմարտերում հաղթել է Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանին և ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երևանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր  Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.