Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակիչում է եւ կպայքարի օլիմպիական մեդալի համար

16:51   24 հուլիսի, 2021

Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի եզրափակիչ:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը որակավորման փուլում վաստակեց 14.866 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչի ուղեգիր նվաճած կորեացի Շին Ջեհվանը նույնպես հավաքեց 14.866 միավոր:

Առաջին ցատկի համար 28-ամյա Դավթյանը վաստակել էր 14.733 միավոր, իսկ երկրորդ ցատկի համար՝ 15.000: Եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի ժամանակով 13:45-ին:

Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում

Ավելի վաղ Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել էր իր ելույթին:

Արթուր Դավթյան

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի 2-ամյա դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։

Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։



© 2021 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։