19:30 19 մարտի, 2021Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիևի նկատմամբ:
2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 6։4 հաշվով առավելության էր հասել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևից:
Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 8:3 հաշվով հաղթել է բուլղարացի Գեորգի Վանգելովին և նույնպես նվաճել ոսկե մեդալ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:
Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ուներ ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):
Օլիմպիական ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի բոլոր հաղթանակները՝ տեսանյութերով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.