21:44  ,  18 մարտի, 2021

Վազգեն Թեւանյանը նույնպես նվաճեց օլիմպիական ուղեգիր

Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ օլիմպիական ուղեգիրը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում Թևանյանը գոտեմարտեց Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևի, որը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2016թ., 2020թ.)։ Հայ ըմբիշը համառ պայքարում հաղթեց 4:2 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ և ապահովելով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը։

Առաջին մրցափուլում Վազգեն Թևանյանը մրցակցի նկատողության շնորհիվ վաստակեց մեկ միավոր: Մինչև մրցափուլի ավարտը հայ ըմբիշին չհաջողվեց ավելացնել հաշիվը: Երկրորդ մրցափուլում հնարքի չգնալու պատճառով գորգի մրցավարը երկու անգամ մեկական միավոր նվիրեց Գաջիևին՝ հաշիվը դարձնելով 1:2՝ հօգուտ Լեհաստանը ներկայացնող ըմբիշի: Վայրկյաններ անց Վազգեն Թևանյանը մեկ միավոր վաստակեց, ապա երկու միավորանոց հնարքով հաշվի մեջ առաջ անցավ` դարձնելով 4:2: Վազգենը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մարտի 19-ին կմրցի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:

2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 6։4 հաշվով առավելության էր հասել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանից առաջ օլիմպիական ուղեգիր էր նվաճել 2019թ. Եվրոպայի Արսեն Հարությունյանը (57 կգ)։

Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պարտություն էին կրել մարտի 18-ին։ Ալիխանյանը որակավորման փուլում հունգարացի ըմբիշի նկատմամբ 10։0 հաշվով հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում 2։10 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեից, իսկ Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում 0։6 հաշվով պարտվել էր թուրք Օսման Գոչենին։

Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ուներ ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում