ԵԱ․ Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ 0։10

21:21   15 փետրվարի, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 0։10 հաշվով պարտություն կրեց սերբ Ստեվան Անդրիա Միչիչին։

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Գալստյանը 0։7 հաշվով պարտվեց շվեյցարացի Սամուել Շերերին եւ փետրվարի 16-ի կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Մարզպետ Գալստյանը քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 125 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 3։0 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Լևան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանին:

61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 7:0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։