19:24  ,  11 ապրիլի, 2019

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտոշարք)

Հակոբ Մկրտչյանը նվաճեց  Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում (NEWS.am Sport Live

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 371 կգ (Եվրոպայի ռեկորդ) եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։

Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Հակոբ Մկրտչյանը 164 կգ-ով չորրորդն էր։ Հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը ցույց տվեց 195 կգ։

Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում բարձրացրեց 207 կգ՝ ապահովելով նաեւ փոքր ոսկե մեդալ։

 

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Հակոբ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:

22-ամյա Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Իսրայելում կայացած Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հովհաննիսյանը 326 կգ երկամարտի արդյունք է ցույց տվել:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում