Թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը կանցկացվի, քանի որ աշխարհի առաջնության հայտերը ներկայացնելու ժամկետը լրանում է. չենք կարող սպասել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Բոլոր ակումբները, որոնք բոյկոտեցին նախորդ անգամ, ապրիլի 2-ին կմասնակցեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թաեքվոնդոյի Երեւանի «Հրավանգ» ակումբի գործադիր տնօրեն, թաեքվոնդոյի մարզիչ Հայրապետ Զախարյանը: Ապրիլի 2-ին Երեւանի «Միկա» մարզադահլիճում կմեկնարկի թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 40 թաեքվոնդոիստ՝ Հայաստանից եւ Արցախից:
Հիշեցնենք, որ թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը պետք է կայանար մարտի 16-ին, սակայն Ֆեդերացիայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով Հայաստանի առաջնությունը բոյկոտել էին տարբեր ակումբների մարզիկներ՝ այդ կերպ խոչընդոտելով առաջնության անցկացումը:
«Մարտի 16-ին առաջնությունը բոյկոտեցինք, քանի որ պահանջում էինք նախագահի ընտրություն, լեգիտիմ ֆեդերացիայի ձեւավորում սեղմ ժամկետներում, սակայն այդպես էլ նախագահի ընտրություն անցկացնելու հարցում ընդհանուր հայտարարի չեկանք ֆեդերացիայի գործող ղեկավարության հետ:
Օրերս Երկրապահ կամավորականների միության երեւանյան մասնաճյուղում հադիպում ունեցանք բոլոր ակումբների եւ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին ներկա էր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց եւ որոշվեց, այնուամենայնիվ, անցկացնել Հայաստանի առաջնությունը, քանի որ աշխարհի առաջնության հայտերի ուղարկման հարցում ժամանակի խնդիր ունենք: Իսկ այս տարվա աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է:
Ինչ վերաբերում է նախգահի ընտրություն անցկացնելուն, դեռեւս համաձայնության չենք եկել, եւ ֆեդերացիայի կողմից նախագահի ընտրություն անցկանելու որոշումը ձգձգվում է: Քանի որ այս պարագայում ֆեդերացիան ոչ լեգիտիմ է գործում, Հայաստանի առաջնության կազմակերպման եւ անցկացման համար գործող ակումբների ներկայացուցիչներից կազմված ոչ պաշտոնական հանձնաժողով ենք ստեղծել, ինչի շնորհիվ կկարողանանք պատշաճ անցկացնել ներքին առաջնությունը: Ապրիլի 1-ին արդեն կայացել է կշռման արարողությունը»,- ասաց Հայրապետ Զախարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը: Նրա լիազորություններն ավարտվել են 2018 թվականի նոյեմբերի 4-ին: Մինչ օրս ֆեդերացիան նախագահի նոր ընտրություններ չի կազմակերպում: Ֆեդերացիայի պատվավոր նախագահը Մանվել Գրիգորյանն էր, որի կալանավորումից հետո ֆեդերացիան հրաժարվեց պատվավոր նախագահից:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում