11:57  ,  6 մարտի, 2019

Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Ռեալի» սենսացիոն պարտության մասին  

Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 1:4 հաշվով պարտվելով Ամստերդամի «Այաքսին», բոլոր մրցաշարերում չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել տնային խաղերում: Արքայական ակումբի հետ նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 15 տարի առաջ: 2003/04 մրցաշրջանում մադրիդցիները սեփական դաշտում պարտվել էին «Օսասունային», «Բարսելոնային», «Մալյորկային» ու «Ռեալ Սոսյեդադին», գրում է MisterChip-ը:

Նախորդ 3 խաղերում «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում 2 անգամ պարտվել էր «Բարսելոնային», մեկ անգամ՝ «Ժիրոնային»:

«Այաքսի» դեմ խաղում «Ռեալը» 6-րդ խոշոր հաշվով պարտությունը կրեց այս մրցաշրջանում: Արքայական ակումբի հետ նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 68 տարի առաջ՝ 1950/51 մրցաշրջանում: Այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը Պրիմերայում խոշոր հաշվով պարտվել էր «Էյբարին» (0:3), «Բարսելոնային» (1:5) ու «Սեւիլիային» (0:3), Չեմպիոնների լիգայում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ին (0:3), իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում՝ «Բարսելոնային» (0:5):

Բացի այդ, Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում առաջին անգամ կրեց 2 անընդմեջ տնային պարտություն: Խմբային փուլի վերջին խաղում դեկտեմբերին մրցակիցը եղել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ն (0:3):

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից «Ռեալը» նախորդ անգամ դուրս մնացել էր 2009/10 մրցաշրջանում, երբ չէր կարողացել հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը (0:1, 1:1):

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ մադրիդցիները առաջին անգամ են լքում պայքարը փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթելուց հետո:

«Այաքսը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում նախորդ անգամ խաղացել է 16 տարի առաջ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալն» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով, սակայն պատասխան խաղում պարտվեց 3 գոլի տարբերությամբ եւ լքեց պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում