14:59  ,  4 մարտի, 2019

Հովհաննես Գաբրիելյան. Ունիվերսիադայի համար պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումն առանց հիմնավորման դադարեցվել է

Կրասնոյարսկում մեկնարկած համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերին Հայաստանի 10 հոգանոց պատվիրակությունը մեկնել է սեփական միջոցներով՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, Հայաստանի գեղասահքի եւ դահուկային սպորտի ֆեդերացիաների սերտ համագործակցությամբ: Համաշխարհային ուսանողական ամառային եւ ձմեռային խաղերի համար պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումն առանց հիմնավորման դադարեցվել է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կրասնոյարսկից ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Մարտի 2-ից Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում մեկնարկել է ձմեռային Ունիվերսիադան, որին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով: Համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարզիկների մասնակցությունը կազմակերպում եւ ապահովում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, որի նախագահի պաշտոնակատարը «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանն է: Նախկինում ֆեդերացիան գլխավորում էր ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը 2017 թվականի վերջնամասում հրաժարական է տվել:

«Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցում ձմեռային Խաղերին: Հանդես ենք գալիս երկու մարզաձեւում՝ գեղասահք եւ դահուկային սպորտ: Գեղասահքում հանդես կգան Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը, դահուկավազքում՝ Միքայել Միքայելյանը, լեռանադահուկային սպորտում՝ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը: Մարզիկներից բացի, պատվիրակության կազմում են Անաստասիա Գալուստյանի հայրն ու նրա անձնական մարզիչ Գեորգի Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանի անձնական մարզիչն ու հայրը՝ Սամվել Հայրապետյանը, Միքայել Միքայելյանի հայրն ու անձնական մարզիչ Արթուր Միքայելյանը եւ լեռնադահուկորդների մարզիչ Աշոտ Տիրացույանը: Պատվիրակության ղեկավարը ես եմ:

Առաջին անգամ ձմեռային Խաղերին Հայաստանը մասնակցել է 2017 թվականին Ղազախստանում: Այդ տարի մենք ունեինք ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Նա առաջին փորձից երրորդ տեղը գրավեց Ալմաթիում: Այս տարի նպատակ ունենք գրանցել ավելի բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով թիմի մեծ կազմը:

Բացման արարողությունը, իսկապես, շքեղ էր կազմակերպված, ցավոք, Հայաստանը չկարողացավ ամբողջական կազմով մասնակցել, քանի որ պատվիրակության անդամներից միայն ես եւ Միքայեյաններն էինք Կրասնոյարսկում: Բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը ես էի: Ըստ մեկնարկի օրերի՝ պատվիրակության մյուս անդամները բացումից հետո նոր ժամանում են մրցավայր»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով, ձմեռային Ունիվերսիադայում արդեն երկու մեկնարկ է ունեցել Միքայել Միքայելյանը, սակայն երիտասարդ դահուկորդը գոհացնող արդյունք չի գրանցել:

«Մեր առաջին մասնակցությունը դահուկավազքում էր: Մարտի 3-ին մեկնարկի դուրս եկավ Միքայել Միքայելյանը՝ 10 կմ դասական ոճում: 90 մասնակիցների մեջ նա զբաղեցրեց 37-րդ տեղը, որն այդքան էլ լավ արդյունք չէ, լավ հանդես չեկավ: Երկրորդ մեկնարկը մարտի 4-ին էր՝ 10 կմ հետապնդում ազատ ոճ: Այստեղ նա լավ արդյունք ցույց տվեց եւ 26-րդն էր, իսկ ընդհանուր ազատ ոճում 19-րդն է»,- ասաց ՀՈւՄՖ-ի գլխավոր քարտուղարը:

Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ, Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում հայ մարզիկների մասնակցության համար պետբյուջեից ֆինանսավորում չի հատկացվել:

«Ֆեդերացիային այս տարի պետական բյուջեից գումար չի հատկացվել ձմեռային Խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար: Մենք այստեղ ենք ուսանողական մարզական ֆեդերացիայի, գեղասահքի եւ դահուկային սպորտի ֆեդերացիաների սերտ համագործակցության արդյունքում: Չեմ կարող ասել, թե ում կողմից են ֆինանսավորվել գեղասահքի եւ դահուկային սպորտի ֆեդերացիաները, գուցե իրենց բյուջեից կամ հովանավորների կողմից, բայց ես այստեղ եմ ո՛չ պետության եւ ո՛չ էլ ուսանողական մարզական ֆեդերացիայի հաշվին: Շնորհակալ եմ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանին եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին՝ մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու համար: Հակառակ դեպքում, Հայաստանը դուրս կմնար մասնակցությունից: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնակցությանը՝ պատվիրակությունը մեծ էր եւ առանց պատվիրակության ղեկավարի չէր կարող Հայաստանը մեկնել Խաղերին: Իմ ծախսերի պահով՝ Ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավարությունը խոստացել է հնարավորության դեպքում փոխհատուցել, սակայն հայտնի չէ, թե երբ դա կլինի: Նույնիսկ ամառային ուսանողական խաղերում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը հարցականի տակ է՝ ֆինանսավորման բացակայության պատճառով: Ամառային Խաղերը կկայանա հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում: Մեր ֆեդերացիան արդեն դիմել է ֆինանսավորման համար, սակայն բյուջեում գումարը դրված չէ եւ դեռ որեւէ տեղեկություն չկա, թե ինչպես են հայ մարզիկները մասնակցելու ամառային Ունիվերսիադային: Ձմեռային խաղերի ավարտից հետո նախատեսվում է հանդիպում Հայաստանում սպորտի եւ կրթության ղեկավարների հետ, որպեսզի քննարկենք եւ հասկանանք ուսանողական մարզական միջոցառումներին հայ մարզիկների մասնակցության հարցը:

Համաշխարհային ուսանողական խաղերը կառուցվածքով, կազմակերպվածությամբ եւ մարզիկների մասնակցության քանակով գրեթե ոչնչով չի տարբերվում Օլիմպիական խաղերից: Մինչեւ 2017 թվականի ամառային Խաղերը պետբյուջեից ֆինանսավորում ստացել ենք, բայց այս տարի անհասկանալի պատճառներով ֆինանսավորումը հանվել է»,- մանրամասնեց Հովհաննես Գաբրիելյանը: 

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները Հովհաննես Գաբրիելյանի անձնական արխիվից

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում