«Բանանցը» հունվարի 30-ին սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի առաջին լիգայում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվի» հետ եւ հաղթեց 5:3 հաշվով: Առաջին խաղակեսից հետո «Լոկոմոտիվը» հաշվի մեջ առջեւում էր 3:2 հաշվով, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը: «Բանանցից» դուբլի հեղինակ դարձավ Նաթանիել Ասամոան, իսկ Վարդան Պողոսյանը, Կարեն Մելքոնյանը եւ թիմում փորձաշրջան անցնող Ուելաթ Կագրոն աչքի ընկան մեկական անգամ: «Լոկոմոտիվից» դուբլ ձեւակերպեց Դիմա Գորստկան, իսկ Կարապետ Մանուկյանը խփեց մեկ գոլ:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրը» Երեւանում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում ուժերը չափեց Վանաձորի «Լոռիի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Արմավիրն» Արսեն Պապիկյանի գլխավորությամբ նախորդ 2 ընկերական խաղերում Երեւանում մրցել էր «Գանձասար-Կապանի» (3:1) ու «Բանանցի» (0:0) հետ:
Երեւանի «Արարատը» Սոչիում մրցեց Կրասնոդարի «Ուրոժայի» հետ: Թիմերը երեքական գոլ փոխանակեցին՝ 3:3:
«Արարատը» Սոչիի մարզումային հավաքի ծրագրով ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ «Սոչիի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում