21:11  ,  5 դեկտեմբերի, 2018

Հայտնի իսպանացի մասնագետի սեմինարը հայ մարզիչների համար

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկել է ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց աշխարհի նախորդ երեք առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների: Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում դեկտեմբերի 7-ին:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով