Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մի քանի հավաքականներ չեն կարող հայտնվել նույն խմբում: Նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի գործկոմը:
«ՈւԵՖԱ-ի գործկոմի որոշման համաձայն՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ նույն խմբում չեն կարող հայտնվել Հայաստանն ու Ադրբեջանը, Ջիբրալթարն ու Իսպանիան, Կոսովոն ու Սերբիան, Կոսովոն ու Բոսնիա-Հերցեգովինան»,- ՈւԵՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է «Известия»-ն:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը կլինի 5-րդ զամբյուղում, որում տեղ են գտել նաեւ Մակեդոնիան, Բելառուսը, Կոսովոն, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ջիբրալթարը եւ Ֆարերյան կղզիները: Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Առաջին զամբյուղ. Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան:
Երկրորդ զամբյուղ. Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա:
Երրորդ զամբյուղ. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել:
Չորրորդ զամբյուղ. Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան:
5-րդ զամբյուղ. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ:
6-րդ զամբյուղ. Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան Մարինո:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 13 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում եւ Բաքվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում