16:22  +04,  10 հոկտեմբերի, 2018

Նորիկ Ավդալյան. Իմ 11 մետրանոցն ամենահզորն է պատմության մեջ, այն կանվանեմ «նորալտո» (ֆոտո)

Երեւանի «Արարատի» ու «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանի իրացրած տպավորիչ 11 մետրանոց հարվածը Ռուսաստանի ուսանողական լիգայի խաղում մեծ արձագանք է ստացել արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների շրջանում:

Չուվաշիայի մանկավարժական համալսարանի թիմի դեմ խաղում Կազանի հետազոտական տեխնիկական համալսարանի թիմի խաղացողը սալտո էր կատարել 11 մետրանոց հարվածն իրացնելիս։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ:

Վերջին օրերին ֆուտբոլային հանրությունը տպավորված էր քո իրացրած 11 մետրանոցով: Ինչպե՞ս դա ստացվեց քեզ մոտ եւ որտեղի՞ց առաջացավ այդպիսի հարված կատարելու գաղափարը:

Նույնիսկ չգիտեմ: Կարծում եմ՝ դա այնքան էլ բարդ չէ, եթե, իհարկե, կարողանում ես սալտո կատարել եւ լավ հարվածել: Կամ գուցե եւ բարդ է (ծիծաղում է): Առաջին անգամ ես այդպիսի հարված մեկ տարի առաջ կատարել էի Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում Սոչիում կայացած միջմայրցամաքային մրցաշարում: Թիմը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը:

Այս անգամ ես խոստացել էի այդպիսի հարված կատարել Կազանի հետազոտական տեխնիկական համալսարանի թիմի մարզիչին: Մարզիչն ասաց, որ տեսել է այդ 11 մետրանոցի տեսանյութը, սակայն ցանկանում է այն տեսնել նաեւ դաշտում: Փառք Աստծո, հրաշալի ստացվեց:

Ամերիկյան Sports Illustrated հեղինակավոր ամսագիրը նշել էր, որ հնարավոր է, որ դա պատմության լավագույն 11 մետրանոցն էր: Համամի՞տ ես այդ կարծիքի հետ:

Կարծում եմ՝ այո, քանի որ ավելի հզոր բան, իրոք, չեմ տեսել: Հենց այնպես չէ ամբողջ աշխարհը հիմա ասում, որ դա 11 մետրանոցի ամենահզոր իրացումն էր: Այնպես որ, ես համաձայն եմ այդ կարծիքի հետ:

Ֆուտբոլի ամենահայտնի 11 մետրանոցներից մեկը կոչվում է Անտոնի Պանենկայի անունով: Ինչպե՞ս կանվանեիր քո իրացրած հարվածը, քանի դեռ այն չի դարձել մեյնսթրիմ:

Իրականում, դեռ չեմ մտածել այդ մասին: Բոլորը դա անվանում են 11 մետրանոց-սալտո, սակայն կարելի է ավելի օրիգինալ ինչ-որ բան մտածել: Ի դեպ, շատ լավ հարց է:

Գուցե «նորալտո՞»:

Ահա, հրաշալի տարբերակ է, շնորհակալություն:

Դու հանդես ես եկել Երեւանի «Արարատում» ու «Բանանցում»: Ինչպիսի՞ տպավորություններ ունես Հայաստանի առաջնությունից:

Հայաստանի առաջնությունից մնացել են միայն դրական հիշողություններ: Ցավալի է, որ չկարողացա ամրապնդվել այդ թիմերում: Հայաստանն ունի լավ առաջնություն, որն ավելի ուժեղ է դարձել հիմա:



Այժմ մարզվում ես «Ռուբին-2»-ում: Ի՞նչ նպատակներ ունես կարիերայում:

Այո, մարզվում եմ «Ռուբին-2»-ի հետ, սակայն պայմանագիր չունեմ Կազանի ակումբի հետ: Գտնվում եմ ազատ գործակալի կարգավիճակում եւ բաց եմ նոր մարտահրավերների համար: Ցանկանում եմ տեղափոխվել այնպիսի ակումբ, որի կազմում կառաջադիմեմ ու կունենամ մշտական խաղային պրակտիկա:

Եվ վերջին հարցը, արդյո՞ք չես մտածել ֆրիսթայլի կարիերա սկսելու մասին:

Ոչ, չեմ մտածել, դա պարզապես հոբբի է: Ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Կարծում եմ՝ ունեմ բոլոր անհրաժեշտ որակները դրա համար: Հնարավոր է, որ նոր առաջարկներ կստանամ ուշադրության կենտրոնում հայտնվելու շնորհիվ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...