13:01  ,  27 սեպտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Առաջին խաղակեսում ավելի հեշտ էր, քան երկրորդում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Բրենտֆորդի» նկատմամբ հաղթանակն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի խաղում:

«Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելը կարեւոր էր: Առաջին խաղակեսում ավելի հեշտ էր, քան երկրորդում, սակայն մենք պայքարում էինք, ներդրեցինք բոլոր ուժերը, իսկ խաղի վերջնամասում հաջողվեց խփել երրորդ գոլը: Գիտեինք, որ «Բրենտֆորդը» բարդ մրցակից է: Նրանք շատ լավ էին խաղում եւ գիտեինք, որ երկրորդ խաղակեսում մրցակիցը պայքարելու է հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն մենք պատրաստ էինք դրան:

Շատ ուրախ եմ Սմիթ Ռոուի համար, քանի որ նա լավ խաղաց մյուսների պես: Բոլորը ցուցադրեցին, որ պատրաստ են խաղալ եւ կարեւոր չէ, թե որ մրցաշարում: Բոլորը պատրաստ են դուրս գալ խաղադաշտ եւ օգնել «Արսենալին» հասնել հաջողության»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 75 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում