15:37  ,  2 օգոստոսի, 2018

«Ուրալի» ու «Անժիի» նախկին մարզիչը գլխավորեց «Արարատ-Արմենիան», «Շիրակի» եւ «Արցախի» հերթական նորեկները

Բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոն նշանակվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ եւ այդ պաշտոնում կփոխարինի Անդրանիկ Բաբայանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

42-ամյա Սկրիպչենկոն ունի մարզչական Pro արտոնագիր: Նա մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին բելառուսական ԲԱՏԷ-ում: 2011-2013 թվականներին գլխավորել է բելառուսական «Մինսկը», որի հետ 2013-ին դարձել է Բելառուսի գավաթակիր: Սկրիպչենկոն գլխավորել է նաեւ ռուսական «Ուրալ», «Կռիլյա Սովետով» եւ «Անժի» ակումբները: Մախաչկալայի «Անժիում» նա աշխատում էր նախորդ մրցաշրջանում:

Գյումրիի «Շիրակին» են միացել երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ։ 25-ամյա կոնգոցի հարձակվող Կաբանգու Կադիմա Ջոնսը «Շիրակ» է տեղափոխվել հունգարական «Հոնվեդ» ակումբից, որտեղ հանդես է եկել 16 տարեկանից։

Մալին ներկայացնող 19-ամյա հենակետային կիսապաշպան Մուսա Դիակիտեն հայկական ակումբին միացել է իսպանական «Սիլտուրալ Լեոնեսա» թիմից։

Երկու ֆուտբոլիստների հետ էլ կնքվել է երկու տարվա պայմանագիր։

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Արցախը» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանի հետ: «Արցախում» Պողոսյանը հանդես կգա վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Երեւանի «Փյունիկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում