18:16  ,  29 հուլիսի, 2018

Կլիչկոն Էնթոնի Ջոշուային կօգնի պատրաստվել Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կհամագործակցի բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ: Կարիերան ավարտած 42-ամյա ուկրաինացին WBA Super, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնին կօգնի նախապատրաստվել ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտին, հայտնում է Luckypunch.net-ը:

Էնթոնի Ջոշուայի ու Ալեքսանդր Պովետկինի միջեւ չեմպիոնական մենամարտը կայանալու է սեպտեմբերի 22-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն 2013 թվականին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Պովետկինին, իսկ Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտել է նախորդ տարվա ապրիլին՝ պարտվելով նոկաուտով: Դա ուկրաինացու կարիերայի վերջին մենամարտն էր:

Վլադիմիր Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): 1996-ին նա դարձել էր նաեւ օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում