13:39  ,  19 հուլիսի, 2018

«Շիրակը» վերադառնում է Բարձրագույն խումբ, քանի որ վստահ է՝ Վանեցյանը կդառնա ՀՖՖ նախագահ

Գյումրիի «Շիրակը» տարածել է հայտարարություն.

«Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: 

Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին, ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջդրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից:

Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն»,– ասվում է ակումբի հայտարարությունում:

Հուլիսի 16–ին «Շիրակը» հայտարարել էր, որ կվերադառնա Հայաստանի առաջնություն, եթե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆեդերացիայի ամբողջ աշխատակազմը հրաժարական ներկայացնի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում