03:10  ,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018․ «Ֆուտբոլային ներկայացում» Սոչիում կամ պիրենեյցիների մենամարտը «Ֆիշտում» (ֆոտո)

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկեց քառամյակի գլխավոր ֆուտբոլային տոնը՝ աշխարհի առաջնությունը։ Խաղային երկրորդ օրվա «Գլխավոր ուտեստը» դարձավ Պիրենեյան թերակղզու տեխնիկապես հարուստ հավաքականների դիմակայությունը, որին սպասում էին մեծ հետաքրքրությամբ։

«Ֆուտբոլային համերգի» համար պատրաստ էր ամեն ինչ։ Սոչիի գեղեցիկ, նորագույն ճարտարապետական լուծումներով «Ֆիշտ» մարզադաշտը, որը հիացմունք էր առաջացնում անգամ հեռուստացույցի էկրանից, երկրպագուները, մարզիչները, գնալով ավելի շատացող մրցավարները։ Բայց այդ մասին ավելի ուշ։

Աստղային դիմակայությանը պատրաստ էին գլխավոր գործող անձինք՝ թիմերը, որոնց ճամբարներում վերջին օրերում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր անցնում։ Երկրպագուների հետ բախման պատճառով Պորտուգալիայի հավաքականի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ խզել էին պայմանագրերը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ, իսկ «Կարմիր ֆուրիան» զարմացրեց ֆուտբոլային հանրությանը․ ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ պաշտոնանկ արվեց գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիին։ 51-ամյա մասնագետը գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»․․․ բայց վերադառնանք խաղին։

Գնդակի երկար խաղարկումնե՞ր, ժամանակի ձգու՞մ, խաղաղություն փոթորկից առա՞ջ։ Ո՛չ, չենք լսել։ Շոուն սկսվեց արդեն երրորդ րոպեին, երբ բեմում հայտնվեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Բոլորիս ծանոթ դրիբլինգ, վաստակված 11-մետրանոց և ռմբարկուն գնդակն ու Դե Խեային ուղարկեց տարբեր ուղղություններով։

Բուռն մեկնարկը խոստանում էր հետաքրքիր շարունակություն։ Դիեգո Կոստան պտտեցրեց 2 պաշտպանի, մի քանի անգամ գնդակը հարմարեցրեց իրեն և այն ուղարկեց դարպասի ձախ անկյունը։ Պատասխան գնդակը պատրաստ է։

Պատասխան գոլից հետո Ֆերնանդո Իերոյի թիմը (հենց Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանին է վստահվել ազգային թիմի ղեկը) տիրեց նախաձեռնությանը և փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց։

Դե իսկ Կրիշտիանու Ռոնալդուն էլ Կրիշտիանու Ռոնալդու չէր լինի, եթե ամենաանսպասելի պահին կրկին իր մասին չհիշեցներ։ Այո, հարվածն ուղիղ Դավիդ Դե Խեայի վրա էր, բայց ավագի հարվածի հետագիծն ինչպես միշտ շատ անհարմար է դարպասապահի համար, ինչի արդյունքում գնդակն անդրադարձի օգնությամբ հայտնվեց դարպասում՝ 2։1։

Ի՞նչը դուր չեկավ։ ՖԻՖԱ-ի նորամուծությունները, երբ հատուկ սենյակներում նստում են հավելյալ մրցավարներ, ստուգում են վիճելի դրվագները։ Այդ ամենն օգնելու փոխարեն ավելի շատ լարվածության մեջ է պահում գլխավոր մրցավարին։ Այո, սխալվելու հավանականությունը նվազում է, սակայն ֆուտբոլը գեղեցիկ է իր դինամիկայով և, ինչու չէ, նաև սխալներով, իսկ հաճախակի դադարները կոտրում են խաղի տեմպը։ Եկեք չմոռանանք, որ ֆուտբոլը գեղեցիկ է նաև անկանխատեսելիությամբ։

Իսպանիան խելագար տրամադրվածությամբ դուրս եկավ երկրորդ խաղակեսին։ Մի քանի րոպե անց Դիեգո Կոստան, որն իր վրա էր վերցրել իսպանացիների հարձակման առաջատարի դերը և կարծես չէր ցանկանում հետ մնալ Ռոնալդուից, խփեց երկրորդ պատասխան գնդակը՝ 2։2։

ԱԱ-2010-ի չեմպիոնները կանգ չէին առնում։ Անընդմեջ գրոհներն ավարտվեցին Նաչոյի գեղեցիկ գոլով՝ 3։2։ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը վերադարձրեց պարտքը․ խաղի մեկնարկում հենց նա էր խախտել կանոնները սեփական տուգանայինում։

Իսկ հիմա` բոլորս միասին. Կրիշտիանուուուու: Երրորդ բաց թողած գոլից հետո պորտուգալացիներն իրենց առաջատարի հետ միասին մնացին ստվերում, թվում էր, թե Իսպանիան կկարողանա խաղը հասցնել հաղթական ավարտի, սակայն վերջակետ դնելու իրավունքը պատկանում էր Ռոնալդուին։ Նա դա արեց իրեն բնորոշ ոճով։ Պորտուգալիայի 7 համարի տուգանայինից կատարած հարվածից հետո աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն ուղղակի անհույս հայացքով հետևեց գոլին։

Սոչիի «Ֆուտբոլային ներկայացումը» գերազանցեց սպասելիքները։ Աշխարհի առաջնության արդեն երկրորդ օրը ֆուտբոլասերը զգաց իսկական ֆուտբոլի համը, ինչն ավելի մեծացրեց սպասումները ռուսական մունդիալից։

Սամվել Սուքիասյան

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում