Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ խոսելով նաեւ առաջիկա ծրագրերի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ը:
Ջուլֆալակյանն ակնարկեց, որ Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կվերադառնա հավաքական եւ 77 կգ քաշային կարգում կփոխարինի Կարապետ Չալյանին, որի մրցելույթներից մարզիչը դժգոհ է:
«Մեր հավաքականը հանդես եկավ շատ լավ, կարելի է ասել՝ գերազանց: Եթե 7 մասնակցով չորրորդ տեղն ենք գրավել թիմային պայքարում, բնականաբար, դա շատ լուրջ հաջողություն է:
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելին էին, բայց նա շատ անհաջող գոտեմարտ անցկացրեց շվեդ ըմբիշի հետ: Դժգոհ եմ Կարապետ Չալյանի մասնակցությունից: Կարող եմ նշել, որ նրանից սպասելիքներ կան, բայց 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո անընդհատ ինչ-որ սայթաքումներ են՝ 2017-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Կարապետի մոտ տեխնիկական զինանոցի պակաս եմ նկատում: Ամեն դեպքում, դեռ աշխատելու եւ ավելացնելու տեղ կա: Այն, որ նա աշխատասեր ու նպատակասլաց ըմբիշ է, դա փաստ է»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:
Լեւոն Ջուլֆալակյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցին:
«Բոլորս պարզ պատկերացնում ենք, որ եթե մեր առաջատար ըմբիշները պատրաստ լինեն, առողջական խնդիրներ չունենան ու լինեն լավ մարզավիճակում, կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Թեթեւ քաշային կարգերում պայքարն անպայման կսրացնենք: Բոլորս գիտենք, որ 77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, որը լուրջ պատրաստվում է, տարբեր միջազգային մրցաշարերի է մասնակցել անցած տարի եւ հանդես կգա նաեւ այս տարի: Կարապետ Չալյանի այս սայթաքումներից հետո, միանշանակ, հարկավոր է ինչ-որ բան մտածել, քանի որ այդ քաշային կարգում լուրջ մասնակցություն եւ մեդալ է պետք: Այնպես որ, փոփոխություններ կլինեն որոշ քաշային կարգերում, ժամանակն ու մրցումները ցույց կտան: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել եւ նախապես հայտարարել կազմը կամ ասել, թե ինչ հաջողություններ կլինեն ու ովքեր կլինեն:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հունիսի 10-ից անցկացնելու ենք հավաքներ: Մինչեւ աշխարհի առաջնությունը միջազգային մրցաշարեր ունենք Վրաստանում, Լեհաստանում: Հավաքներ կանցկացնենք նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Կլինի 5 հավաք ու 2 միջազգային մրցաշար»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի այս տարվա առաջնության եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին, որից ուժեղ գտնվեց նաեւ փետրվարին Կիեւում կայացած միջազգային մրցաշարում: Դրանից հետո որոշվեց, որ Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում