16:05  ,  10 ապրիլի, 2018

Վարդան Մինասյանը ժամանել է ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ժամանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղ ապրիլի 10-ին անցկացվում է ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Սպասվում է, որ այսօր ՀՖՖ Գործկոմի նիստում հայտարարվելու է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը։ 

Նիստին ժամանել են ՀՖՖ գործկոմի մյուս անդամները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո մնացել է առանց գլխավոր մարզիչի: Հիմնական թեկնածուների թվում նշվում են Վարդան Մինասյանի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի անունները:

Օրեր առաջ Արմեն Գյուլբուդաղյանցը հերքել էր հավաքականը գլխավորելու մասին լուրերը։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Փյունիկում» (2008-2013) ու ղազախական «Տոբոլում» (2014-ին)։ Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եղել է թիմի պատմության մեջ ռեկորդային 34-րդ տեղում (2013 թվականի նոյեմբերին)։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում