01:02  ,  10 մարտի, 2018

Սերժ Սարգսյան. Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման արարողությունում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար, մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ: Սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Հպարտ եմ, նաեւ երախտապարտ եմ մրցաշարի կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունը տրված է ինձ, որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում:

Չնայած Հայաստանն իր չափերով եւ բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաեւ ներկայիս հավակնորդ Լեւոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական եւ մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը տեղադրվում են նույն տուփի մեջ:

Թերեւս դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում եւ խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:

Շախմատը խաղ է, բայց նաեւ արվեստ եւ գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու, ազնիվ պայքարի մշակույթը:Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը:

Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման վրա, Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգեւորությամբ ընդունեց եւ արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաեւ այլ երկրներում:

Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատային գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնախնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռեւս չբացահայտված կողմերը:

Հարգելի բարեկամներ, Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարեւորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման եւ տարածման գործում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական եւ արդյունավետ համագործակցության համար եւ մաղթել նորանոր հաջողություններ:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Բեռլինի քաղաքապետարանին եւ կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգեւելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում եւ խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Հարգելի շախմատիստներ, այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին եւ երկրորդ տեղերի տարբերություը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարին մասնակցելն արդեն մեծագույն պատիվ է ամեն շախմատիստի համար եւ խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք եւ կյանքի նպատակ է այս ութ ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատեւ եւ համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Վստահ եմ, որ այս մրցաշարը լինելու է լարված, բայց նաեւ հետաքրքիր, եւ մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ եւ բովանդակալից պարտիաների:

Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն էմանուել Լասկերի հայրենիքում, ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով: Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը:

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, եւ թող հաղթի ուժեղագույնը: Շնորհակալ եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաեւ առաջին խորհրդանշական քայլով մեկնարկ կտա առաջին տուրին, որը մարտի 10-ին է, Երեւանի ժամանակով 18:00-ին:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Դին Լիրենի հետ, որին պարտության է մատնել 2017թ. աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

Մյուս պարտիաներում կմրցեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը եւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն:

Ֆոտո՝ president.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English