15:42  ,  7 փետրվարի, 2018

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Երեւանում է (NEWS.am Sport LIVE) (ֆոտոշարք)

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է։ Գավաթը փետրվարի 7-ին Հայաստան է բերել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, որն այն ներկայացրեց հանրությանը։

«20 տարի առաջ ես նույնպես նվաճել եմ այս գավաթը Ֆրանսիայի ազգային հավաքականի իմ խաղընկերների հետ: Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ այն թիմում կային հայեր՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը: Ես շատ հպարտ եմ ներկայացնել այս գավաթը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն:

2006-ից ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի գավաթը կլինի 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 24 երկրներում գավաթը կլինի առաջին անգամ։

Երեւանում աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը մեկնարկեց մամուլի ասուլիսով, որին կհաջորդի գավաթի հանրային ցուցադրությունը։ Այն տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00-17:00-ը, Ազատության հրապարակում եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները: Գավաթի երեւանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահը գավաթը կընդունի Քրիստիան Կարամբյոյից։

Աշխարհի առաջնության գավաթի չորրորդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչեւ մայիս ամիսը այն կլինի 91 քաղաքներում՝ անցնելով ավելի քան 126 000 կմ:

Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հովանավորն է «Կոկա Կոլա» ընկերությունը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում