15:37  ,  28 հունվարի, 2018

Անկասելի Ռոջեր Ֆեդերերի 20-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում (ֆոտոշարք)

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պաշտպանեց Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 20-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:

Australian Open-ի եզրափակիչում Ֆեդերերը 5 սեթում առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ՝ 6:2, 6:7, 6:4, 3:6, 6:1: Մրցախաղը տեւեց 3 ժամ 7 րոպե:

Մրցաշարի կազմակերպիչները շոգի պատճառով որոշել էին եզրափակիչ մրցախաղն անցկացնել փակ տանիքի տակ: Այսօր Մելբուրնում օդի ջերմաստիճանը +37 է:

Հատկանշական է, որ մինչեւ եզրափակիչը Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշարում անցկացրել էր 6 մրցախաղ եւ չէր պարտվել ոչ մի սեթ: Նա 6-րդ տիտղոսը նվաճեց Australian Open-ում, որում հաղթել էր նաեւ 2004, 2006, 2007, 2010 եւ 2017 թվականներին: Սա շվեյցարացու կարիերայի 96-րդ տիտղոսն էր:

Ռոջեր Ֆեդերերն ու Մարին Չիլիչը նախկինում հանդիպել էին 8 անգամ (շվեյցարացին տարել էր 7 հաղթանակ), իսկ Australian Open-ում մրցեցին առաջին անգամ:

29-ամյա Մարին Չիլիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ունի մեկ տիտղոսը, որը նվաճել է US Open-2014-ում: Ուիմբլդոն-2017-ի եզրափակիչում խորվաթ թենիսիստը դարձյալ պարտվել էր Ռոջեր Ֆեդերերին:

Հիշեցնենք, որ Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից նաեւ 8 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 5 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 1 անգամ՝ «Ռոլան Գարոսում»: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում երկրորդ ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն ունի 16 տիտղոս: Եռյակը եզրափակում է լեգենդար ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս:

Բացի այդ, Ռոջեր Ֆեդերերը դարձավ առաջին թենիսիստը, որ 6-ական անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» 2 մրցաշարերում (Ուիմբլդոն եւ Australian Open):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում