15:49  ,  1 դեկտեմբերի, 2017

Գործակալ. Յուրա Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, Արաս Օզբիլիսին՝ Ռուսաստան

Ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը հաստատել է, որ ղազախական ակումբները հետաքրքրված են ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Մովսիսյանի ու Օզբիլիսի տեղափոխություններով զբաղվող գործակալի խոսքով՝ Ղազախստանից ստացված առաջարկներն առաջնային չեն հայ ֆուտբոլիստների համար:

«Իրականում, այդ հարցով բանակցություններ ընթանում են, սակայն կան շատ մանրուքներ: Օրինակ՝ 2 ֆուտբոլիստների աշխատավարձի հարցը: Եթե Յուրա Մովսիսյանի  պայմանագիրը «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ ավարտվում է, ապա Արաս Օզբիլիսը մնում է «Բեշիկթաշի» խաղացող: Նրանց՝ Ղազախստան տեղափոխվելու հավանականությունն իրական է, սակայն դա առաջնային տարբերակ չէ ֆուտբոլիստների համար: Պետք է հասկանալ, որ Յուրան ու Արասն ունեն կարիերան շարունակելու եւս մի քանի տարբերակներ: Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, իսկ Օզբիլիսին՝ Ռուսաստան: Դեռ պարզ չէ, թե ինչպես ամեն բան կդասավորվի:

Ըստ ինձ՝ Ղազախստանն այժմ ունի բարձր մակարդակի առաջնություն, իսկ «Աստանան» ու «Կայրաթը» ամուր եվրոպական թիմեր են»,- գործակալի խոսքը մեջբերում է Sport.kz-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում MLS-ի այս մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ եւ խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Վերջերս հայ հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից: 

27-ամյա Արաս Օզբիլիսն էլ 2016-ին է միացել «Բեշիկթաշին», որի գլխավոր թիմում գրեթե չի խաղում եւ մեծամասամբ մասնակցում է երկրորդ թիմի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում