17:41  ,  7 նոյեմբերի, 2017

Անդրեա Պիրլոյի հրաժեշտի նամակը

«Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարիերայի վերջին հանդիպումն անցկացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին խաղն MLS-ում: «Նյու Յորք Սիթիում» իմ ժամանակը մոտեցավ ավարտին եւ կցանկանայի ասել մի քանի խոսք: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել բարի վերաբերմունքի եւ այն աջակցության համար, որը ես ստացա այս աներեւակայելի քաղաքում:

Շնորհակալություն հրաշալի աջակցության համար, շնորհակալ եմ իմ թիմակիցներին ու մարզչական շտաբին: Ավարտվեցին ոչ միայն իմ արկածները Նյու Յորքում, այլեւ իմ ֆուտբոլային ճանապարհորդություն: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս ու երեխաներիս, որոնք միշտ աջակցել են ինձ:

Երախտապարտ եմ բոլոր այն ակումբներին, որոնց կազմում խաղալու բախտ եմ ունեցել, բոլոր թիմակիցներիս, որոնց հետ խաղացել եմ ու բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կարիերան դարձրին այսքան աներեւակայելի: Եվ վերջում, բայց ոչ վերջին հերթին, շնորհակալ եմ ամբողջ աշխարհի բոլոր այն երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ: Դուք միշտ կլինեք իմ սրտում»,- թվիթերյան էջում գրել է 38-ամյա իտալացին:

Հիշեցնենք, որ Անդրեա Պիրլոն 2015-ից էր խաղում ԱՄՆ-ում: Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ իտալական «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում», «Միլանում» ու «Յուվենտուսում», 6 անգամ հաղթել է A Սերիայում եւ 2 անգամ Չեմպիոնների լիգայում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը 2002-2016-ն անցկացրել է 116 խաղ եւ դարձել 13 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում