19:11  ,  8 հոկտեմբերի, 2017

Կարեն Դոխոյանը ոչ ոքի է կանխատեսել Ղազախստան - Հայաստան խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը խոսել է Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի հանդիպման մասին:

«Ինձ թվում է, որ լինելու է սկզբունքային խաղ, քանի որ այն վերջինն է ընտրական մրցաշարում: Հասկանում եմ, թե հիմա որքան բարդ է մեր թիմի համար, սակայն պետք է հավաքվել եւ ցուցադրել արժանի խաղ:

Դժվարանում եմ ասել, թե Հայաստանի հավաքականի հետ ինչ տեղի ունեցավ լեհերի դեմ նախորդ խաղում, քանի որ թիմի ներսում չեմ: Սակայն խաղը ցույց տվեց, որ Լեհաստանի հավաքականն այս պահին ուժեղ է հայկական թիմից:

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականում ու մեր ակումբային ֆուտբոլում հիմա անկում կա, սակայն դա ժամանակավոր է:

Համաձայն չեմ, որ Հայաստանի հավաքականը միայն Հենրիխ Մխիթարյանն է: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, իսկ Հենրիխը հավաքականի խաղացողներից մեկն է: Մխիթարյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, որն ունի լավ որակներ, սակայն երբ չի խաղում ամբողջ թիմը, նա նույնպես չի երեւում:

Կարծում եմ՝ խմբում 6-րդ տեղն այս պահին ընդունելի արդյունք է Հայաստանի թիմի համար: Ըստ ինձ՝ «Աստանա Արենայի» խոտածածկը խնդիրներ չի առաջարկի Հայաստանի հավաքականի համար: Սակայն սեփական փորձից գիտեմ, որ արհեստական խոտածածկով դաշտում խաղալը շատ բարդ է ու մեծ է վնասվածք ստանալու հավանականությունը: Կարծում եմ՝ այս խաղը կավարտվի 1:1 հաշվով»,- Դոխոյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ը:

Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում հոկտեմբերի 8-ին կայանալիք Ղազախստան - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում