22:36  ,  30 սեպտեմբերի, 2017

Սպորտի նախարարը՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման մասին

Հայաստանը չի մասնակցի ծանրամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը։ Առաջիկայում կքննարկենք մեր անելիքները։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը ժամանակավորապես կատարում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած  նիստում որոշում էր կայացրել դոպինգի համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մեկ տարով որակազրկեց Հայաստանին։ Մենք իրավունք չունենք մասնակցել նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս որոշումը դեռ կքննարկենք։ Բողոքարկելու իրավունք ունենք:

Հայաստանի հավաքականը որակազրկվել է դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված 4 դրական պատասխանների համար. Տիգրան Մարտիրոսյանը եւ Նորայր Վարդանյանը՝ մեկական անգամ, Հռիփսիմե Խուրխուդյանը՝ 2 անգամ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Մեկ տարով որակազրկումը որպես պատժամիջոց կիրառվել է ծանրամարտի այն հավաքականների նկատմամբ, որոնք 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումներում դրական արդյունք գրանցած նվազագույնը 3 մասնակից ունեն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ին ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ եւ ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Նույն իրավիճակում 2016 թվականի ամռանը հայտնվեց նաեւ Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում էլ հայտնաբերվել էր ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: 

2017 թվականի հունվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակեց Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012ի Օլիմպիական խաղերում դոպինգի համար որակազրկված մարզիկների վերջնական ցուցակը։ Նրանց թվում հայտնվեց նաեւ 2008թ. ԱՄՆ-ի չեմպիոն Նորայր Վարդանյանը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացրել էր Հայաստանը։ 

Մեկ տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները, որոնք եւս բաց կթողնեն աշխարհի 2017թ. առաջնությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում