Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցից Հայաստանի սամբոյի ֆեդերացիային հայտնել են, որ արդեն մի քանի շաբաթ անգիտակից վիճակում գտնվող Հայաստանի հավաքականի սամբիստ Կոլյա Կարապետյանի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել:
Բելառուսի մայրաքաղաքում մայիսին անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ գլխուղեղի արյան զեղում ստացած մարզիկը երկարատեւ բուժման կարիք ունի եւ դեռեւս հնարավոր չէ նրան տեղափոխել Երեւան:
Մինսկի հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելառուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը: Մինչդեռ երկու երկրների միջեւ գործում է դեռեւս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից:
Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաեւ, որ վճարումներ չլինելու դեպքում, հիվանդին չեն կարող պահել եւ շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Խնդրին տեղյակ են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, Ոստիկանությունում (նա կրտսեր օպեր լիազոր է), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, Առողջապահության նախարարությունում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, Արտաքին գործերի նախարարությունում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի եւ չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին, եւ հայ մարզիկին, որը ներկայացրել է Հայաստանը պաշտոնական մրցումների ժամանակ, եւ որի մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում