15:55  ,  9 մարտի, 2012

Ռոման Ամոյան. Արմեն Նազարյանի վերադարձը մեծ անակնկալ է բոլորի համար

Մարտի 10-ին Բելգրադում կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարը օլիմպիական վարկանիշային չէ: Հայաստանի հավաքականի առաջատարներից Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, որը դեռ օլիմպիական ուղեգիր չունի նույնպես դուրս կգա Բելգրադի գորգ: Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ նա հնարավորություն կունենա մեկ անգամ էլ տեսնել 55 կգ քաշային կարգում իր մրցակիցներին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոման Ամոյանը ասել է, որ Եվրոպայի առաջնությունում ուժերի գերլարումով հանդես չի գա:

«Եվրոպայի առաջնությունը իմ համար կոնկրետ միշ էլ շատ բարձր պատասխանատվություն է:  Իհարկե պետք է ձգտեմ ինչքան հնարավոր է լավ հանդես գալ: Մյուս կողմից էլ ես այս մրցաշարը դիտում եմ նաեւ որպես նախապատրաստկան փուլ: Ինձ համար ամենակարեւորը օլիմպիական վարկանիշ վաստակելն է: Համեմատության համար ասեմ, որ ես, այսպես ասած, ուժերի գերլարումով միգուցե հանդես չգամ: Ավելի կարեւոր է մարզավիճակը աստիճանաբար բարելավել, որպեսզի նախ կարողանամ հաղթանակի հասնել վարկանիշային մրցաշարերից մեկում, ապա մարզավիճակը հասցնելով ամենալավ աստիճանին` հանդես գամ օլիմպիական խաղերում»,- ասաց Ամոյանը:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի վերադարձը մեծ սպորտ Ռոման Ամոյանի համար եղել է անակնկալ եւ ուրախության առիթ:

«Չեք պատկերացնում, թե ինչքան եմ ուրախացել: Իհարկե, Արմեն Նազարյանի վերադարձը նաեւ մեծ անակնկալ է բոլորի համար:  Օլիմպիական խաղերում երկու անգամ ու աշխարհի առաջնություններում երեք անգամ ոսկե մեդալ նվաճած ըմբիշը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում, ու հիմա արդեն 66 կգ քաշային կարգում նա կարող է մարզական հերթական սխրանքը գործել: Ի սրտե ցանկանում եմ, որ Արմեն Նազարյանը կարողանա օլիմպիական վարկանիշ վաստակել եւ հաջողությամբ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- նշեց Ռոման Ամոյանը:

Հայաստանի հավաքականը Բելգրադում Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ  հանդես կգա Ռոման Ամոյան (55 կգ), Արթուր Մկրտչյան (60 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Յուրի Պատրիկեեւ (120 կգ) կազմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով