00:36  ,  3 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 2-ին ընկերական խաղ անցկացրեց իտալական «Սամպդորիայի» հետ եւ Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ առավելության հասավ 2:1 հաշվով:

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը: Մխիթարյանը եզրափակեց իր իսկ սկսած հակագրոհը՝ գլխի հարվածով խփելով առաջին խաղակեսի միակ գոլը:

Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինեց կիսապաշտպանության ամբողջ գիծը՝ դաշտից հեռացնելով նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

62-րդ րոպեին իտալական ակումբը կարողացավ խփել պատասխան գոլը, բայց վերջնամասում մանչեսթերցիներին հաջողվեց հաղթանակ կորզել: 81-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:

Լոնդոնի «Չելսիից» տեղափոխած սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը եւս մասնակցեց առաջին խաղակեսին՝ նորամուտը նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ընկերական խաղն էր Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի դիմակայությունից առաջ: Այդ խաղը կկայանա օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

Ընկերական խաղ, Դուբլին

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սամպդորիա» (Իտալիա)՝ 2:1 

Հենրիխ Մխիթարյան, 10, Խուան Մատա, 81 – Դենիս Պրատ, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում