06:07  ,  30 հուլիսի, 2017

«Բարսելոնայի» երկրորդ անընդմեջ հաղթանակը «Էլ Կլասիկոյում» (ֆոտոշարք)

Մայամիում («Հարդ Ռոք» ստադիոն, 74 հազար հանդիսական) տեղի ունեցած նոր մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյում» հաղթանակ տարավ «Բարսելոնան»՝ 3:2: Պատմության մեջ երկրորդ անգամ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» հանդիպեցին Իսպանիայից դուրս (առաջին անգամ եղել է 1982թ. մայիսի 30-ին Վենեսուելայում): 1991 թվականից հետո թիմերն առաջին անգամ մրցեցին ընկերական խաղում:

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup մրցաշարի խաղի արդեն 7-րդ րոպեին կատալոնական ակումբը հաղթում էր 2:0 հաշվով: Երրորդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի Լիոնել Մեսին գեղեցիկ անհատական անցումից հետո, իսկ 7-րդ րոպեին բրազիլացի Նեյմարի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց խորվաթ Իվան Ռակիտիչը: 14-րդ րոպեին խորվաթ Մատեո Կովաչիչը կրճատեց տարբերությունը, իսկ մինչեւ ընդմիջում իսպանացի Մարկո Ասենսիոն վերականգնեց հավասարությունը:

Երկրորդ խաղակեսում Նեյմարի իրացրած տուգանայինից հետո իսպանացի Ժերար Պիկեն առաջ մղեց «Բարսելոնային», որը նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ առաջին անգամ հաղթեց Արքայական թիմին:

98 օր առաջ տեղի ունեցած Իսպանիայի առաջնության խաղում «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Մադրիդում «Ռեալին» հաղթել էր դարձյալ 3:2 հաշվով:

ԱՄՆ-ում «Բարսելոնան» տարավ երրորդ հաղթանակը: Նախորդ հանդիպումներում Վալվերդեի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին», 1:0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ռեալը» ԱՄՆ-ում 1:4 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին», հետխաղյա 11 մետրանոցներով՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (հիմնական ժամանակում՝ 1:1, 11մ՝ 1:2):

Օգոստոսին Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ու գավաթակիր «Բարսելոնան» երկու հանդիպումներում կվիճարկեն Իսպանիայի սուպերգավաթը: 

Նախքան այդ, Արքայական ակումբը օգոստոսի 8-ին Մակեդոնիայում Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կխաղա Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:

International Champions Cup

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:3

Մատեո Կովաչիչ, 14, Մարկո Ասենսիո, 36 - Լիոնել Մեսի, 3, Իվան Ռակիտիչ, 7, Ժերար Պիկե, 50 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news