17:11  ,  26 հուլիսի, 2017

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

«Մանչեսթեր Յունայթեդն» ամերիկյան շրջագայության վերջին խաղը կանցկացնի Վաշինգտոնում՝  International Champions Cup ընկերական մրցաշարում մրցելով «Բարսելոնայի» հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.85 գործակցով: Անգլիական ակումբի հաղթանակի գործակիցը 3.75 է, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Հանդիպումը կկայանա այս գիշեր (Երեւանի ժամանակով հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ին):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում անցկացրել է 4 հանդիպում: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:0), ինչպես նաեւ հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալից»: Այդ խաղերում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալի» դեմ խաղում նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո անգլիական ակումբը հուլիսի 30-ին Օսլոյում ընկերական խաղ է անցկացնելու նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: Օգոստոսի 8-ին էլ Մակեդոնիայում կկայանա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում