08:04  ,  18 հուլիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ հաղթանակը ԱՄՆ-ում, Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը եւ 2:1 հաշվով առավելության է հասել ՄԼՍ-ը ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ, որի կազմում հայտավորված չի եղել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Յուտայի «Ռիո Տինտո Սթեդյում» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել են դաշտի տերերը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հավասարությունը 7 րոպե անց վերականգնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում հաղթական գոլը 38-րդ խփել է ակումբի նորեկ Ռոմելու Լուկակուն: Բելգիացի հարձակվողն աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո եւ բացել գոլերի հաշիվն անգլիական ակումբի կազմում:

Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինել է բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել նաեւ ամերիկյան մրցաշրջագայության առաջին խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» 5:2 հաշվով հաղթել էր «Լոս Անջելես Գելաքսիին»:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում երրորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հուլիսի 23-ին Անգլիակի 20-ակի չեմպիոնի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», իսկ հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»:

Ընկերական հանդիպում

«Ռեալ Սոլթ Լեյք» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Լուիս Սիլվա, 23 – Հենրիխ Մխիթարյան, 29, Ռոնելու Լուկակու, 38

Հեռացում՝ Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում