23:53  ,  14 հունիսի, 2017

Լեւոն Արոնյան. Պատրաստվում եմ առանց օգնականների եւ մարտավկաների

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորած հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում մրցումներին:

«Վերջին շրջանում հաճախ եմ ճանապարհորդում առանց օգնականների: Ինքս եմ մարզվում, քանի որ մարտավկան լավ բան է, բայց նաեւ լավ է, երբ ինքդ ես պատասխանատու քո պատրաստության համար, ավելի լուրջ ես վերաբերվում, գիտես, որ ոչ ոք չի օգնի, աշխատում ես ավելի հավաքված: Նաեւ սպորտով եմ զբաղվում: Նորվեգիայում շատ են զբոսայգիները, բնության գրկում լինելու շատ հնարավորություն կա:

Հաճելի է, որ ունեմ աջակիցներ, երկրպագուներ այստեղ: Օրինակ՝ ընկերս է եկել Գերմանիայից: Հույս ունեմ, որ վերջնամասում եւս հաջող կխաղամ եւ նրանց հուսախաբ չեմ անի»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Chess.com-ը:

Norway Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)  - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5 միավոր, Նակամուրա՝ 4.5, Կրամնիկ, Գիրի՝ 4-ական, Սո՝ 3.5, Կարյակին, Կարուանա, Անանդ՝ 3-ական, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 2.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում