08:40  ,  3 հունիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս» - «Ռեալ» եզրափակիչի անոնս

Իտալիայի 33-ակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Իսպանիայի 33-ակի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» ստադիոնում (Ուելսի Ազգային ստադիոն, 74500 տեղ) կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալը» կձգտի դառնալ Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանած առաջին ակումբը:

Մինչեւ եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկության անվանափոխումն ու ձեւաչափի փոփոխությունն այդպիսի նվաճում ունեցել է միայն իտալական «Միլանը», որը գավաթը երկու անգամ անընդմեջ նվաճել է 1989-ին եւ 1990-ին:

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կհանդիպեն 19-րդ անգամ: 8 անգամ հաղթել է «Ռեալը», 8 անգամ՝ «Յուվենտուսը», 2 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում առաջիկա մրցակիցները նախկինում հանդիպել են 1 անգամ: 1998-ին Ամստերդամում Պրեդրագ Միյատովիչի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Արքայական ակումբը: «Յուվենտուսի» կազմում էր այն ժամանակ հանդես գալիս «Ռեալի» ներկա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը հետագայում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց «Ռեալի» կազմում (2002թ.):

Նախորդ անգամ թիմերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հանդիպել են 2015-ին: Կիսաեզրափակիչում «Յուվենտուսը» դուրս թողեց «Ռեալին»: Թուրինում իտալական թիմը հաղթեց 2:1 հաշվով: Դաշտի տերերից աչքի ընկան Մորատան ու Տեւեսը, իսկ Մադրիդում պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: «Յուվենտուսի» կազմում դարձյալ աչքի ընկավ իսպանացի Մորատան, որն այժմ «Ռեալում» է: Եզրափակիչում «Յուվենտուսը» 1:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:

«Յուվենտուսը» Չեմպիոնների գավաթը նվաճել է 2 անգամ՝ 1985-ին եւ 1996-ին: 6 անգամ պարտություն է կրել եզրափակիչներում, ինչը հակառեկորդ է:

«Ռեալը» միակն է, որը 11 անգամ դարձել է Չեմպիոնների գավաթակիր: Եզրափակիչներում պարտվել է 3 անգամ: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 1981 թվականին՝ 0:1 հաշվով «Լիվերպուլին»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում «Յուվենտուսը» 1/8 եզրափակիչում դուրս թողեց «Պորտուին»՝ հաղթանակ տանելով երկու հանդիպումներում էլ՝ 1:0, 2:0:

Քառորդ եզրափակիչում իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը շանս չտվեց «Բարսելոնային»՝ 3:0, 0:0: Կիսաեզրափակիչում Իտալիայի չեմպիոնները զգալի առավելություն ունեին նաեւ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» նկատմամբ՝ 2:0, 2:1:

«Ռեալն» ավելի բարդ պայքարում է հասել եզրափակիչ: 1/8 եզրափակիչում ֆրանսիացի Զիդանի գլխավորած թիմը գերազանցեց իտալական «Նապոլիին»՝ 3:1, 3:1: Քառորդ եզրափակիչում մրցակիցը Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտիի ղեկավարած Մյունխենի «Բավարիան» էր, որը տանը պարտվեց 1:2 հաշվով, իսկ Մադրիդում պայքարը հասցրեց լրացուցիչ ժամանակ, սակայն դարձյալ պարտվեց՝ 2:4:

Կիսաեզրափակիչում տեղի ունեցած մադրիդյան դերբիում «Ռեալը» հաղթահարեց  «Աթլետիկոյի» արգելքը՝ տանը հաղթելով 3:0 հաշվով, հյուրընկալվելիս պարտվելով 1:2:

Բուքմեյքերների կանխատեսումը

Առաջիկա եզրափակիչում բուքմեյքերական ընկերությունները չնչին առավելություն են տալիս «Ռեալին», որի հաղթանակի գործակիցը միջինը 2.75 է: «Յուվենտուսի» հաղթանակի հավանականությունը ստացել է 2.95 գործակիցը, ոչ ոքին՝ 3.10:

Հավանական մեկնարկային կազմեր

«Յուվենտուս». Բուֆոն – Կյելինի, Բոնուչի, Բարցալի – Սանդրո, Պյանիչ, Խեդիրա, Ալվես – Մանջուկիչ, Դիբալա, Իգուաին:

«Ռեալ». Նավաս – Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ – Կազեմիրո, Մոդիչ, Կրոս – Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարը կլինի գերմանացի Ֆելիքս Բրիխը, պահեստային մրցավարը՝ սերբ Միլորադ Մաժիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում