21:11  ,  13 մայիսի, 2017

Հայաստանի երկնքում ճախրելը հաճույք է. Պարապլաներային սպորտի մրցում Եղվարդում (ֆոտոշարք)

Եղվարդ քաղաքի հարեւանությամբ գտնվող լճի տարածքը, որը նախատեսված է եղել Եղվարդի լճի համար, այսօր ծառայեց որպես պարապլաներային սպորտի մրցահարթակ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց գերթեթեւ շարժիչային ավիացիայի գավաթ բաց խաղարկություն, որին մասնակցեցին երկու եւ մեկ տեղանի շարժիչով պարամոտորներ եւ պարաթրայքեր:

Գավաթին մասնակցեցին Հայաստանի եւ Ռուսաստանի օդաչուներ: Հայաստանն ունեցավ երեք մասնակից՝ Հայաստանի նորաստեղծ շարժիչային պարապլաներային դպրոցն ավարտած օդաչուներ Արման Սաղաթելյանը, Հմայակ Պետրոսյանը եւ Արմեն Սարգսյանը: Ռուսաստանից ժամանել էին գերթեթեւ շարժիչային ավիացիայի «Եվդակեմցի» ակումբի օդաչուները՝ ակումբի հիմնադիր-նախագահ Ալբերտ Ալեքսեեւը, Վոլոդյա Պատապովը եւ Վլադիմիր Բուրմակինը:

Գավաթի հաղթողներ դարձան Ռուսաստանից ժամանած օդաչուները. առաջին տեղում Ալբերտ Ալեքսեեւն է, երկրորդ տեղը զբաղեցրեց Վոլոդյա Պատապովը, երրորդը՝ Վլադիմիր Բուրմակինը:

«Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ է կազմակերպվում գերթեթեւ ավիացիայի այսպիսի մրցաշար: Պատրաստվում ենք այս գավաթի խաղարկությունը պարբերական դարձնել եւ Հայաստանում զարգացնել ոչ միայն մարզաձեւը, այլեւ սպորտային տուրիզմը: Այս միջոցառումը մեծ հիմք կլինի հաջորդ տարի ավելի լայնամասշտաբ գավաթ անցկացնելու համար, չամաչել եւ հրավիրել արտասահմանցի օդաչուների, ովքեր կգան իրենց տեխնիկայով: Գավաթն առաջին քայլերն է Հայաստանում գերթեթեւ ավիացիան զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը:

Ալբերտ Ալեքսեեւի խոսքով, Հայաստանի երկինքը տալիս է բոլոր հնարավորությունները մարզաձեւը եւ սպորտային տուրիզմը զարգացնելու համար:

«Հայաստանն ինձ շատ դուր եկավ: Այստեղ երկինքը հրաշալի է, եւ լավ պայմաններ ունեք այս մարզաձեւը զարգացնելու համար: Այս մարզաձեւը հնարավորություն է կտա նաեւ զարգացնել տուրիզմը Հայաստանում, քանի որ բացի այն, որ հաճելի է ձեր երկնքում թռչելը, նույնքան հաճելի է եւ գեղեցիկ երկնքից Հայաստանով հիանալը:

Մենք այս գավաթին մասնակցում ենք երեք օդաչուներով: Շատ մասնակիցներով չէինք կարող գալ, քանի որ գավաթն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, բացի այդ ներքին բազա պետք է ունենալ եւ լավ մրցանակներ պատրաստել: Չեմ կարծում՝ որեւէ փորձառու օդաչու ցանկություն հայտնի գալ այստեղ իր հաշվին: Աշխարհում շատ լավ տեղեր կան, որտեղ հնարավոր է թռչել: Մենք եւս լավ ու փորձառու օդաչուներ ենք, բայց մենք այստեղ ենք մարզաձեւը զարգացնելու նպատակով: Մեծ թվով մասնակիցներ դեռ կունենա Հայաստանի բաց գավաթը ու ոչ շատ հեռու ապագայում, կարծում եմ: Եթե առաջին անգամ ամեն ինչ լավ լինի, հետագայում արդեն Ռուսաստանից եւ մյուս երկրներից էլ ցանկություն կհայտնեն գալ, մասնակցել:

Պարամոտորները եւ պարաթրայքերը հեծանիվ են հիշեցնում, այն հնարավոր է տեղափոխել մի վայրից մյուս վայրը: Այս սարքը տեղափոխելու հատուկ թույլտվություն պետք չէ: Օգտագործվում է շատ հեշտ՝ բենզինով, ինչպես բոլոր շարժիչները: Սովորելը նույնպես հեշտ է. մի քանի դասընթացից հետո կարելի է երկինք բարձրանալ: Այդպես, օրինակ, Հայաստանի մի քանի օդաչուներ կարճ ժամանակահատվածում լավ սովորել են երկինք բարձրանալ պարամոտորներով»,- մանրամասնեց Ալբերտ Ալեքսեեւը:

Նախքան մրցման մեկնարկը Ալբերտ Ալեքսեեւը փորձնական թռիչք կատարեց՝ ցուցադրելով օդաչուների վարժություններն ու մրցման կարգը, ապա վայրէջք կատարելուց հետո խորհուրդ տվեց մեկ ժամ ուշացումով սկսել, քանի որ թեթեւ քամի կար երկնքում: Նա բացատրեց, որ նույնիսկ չնչին քամին կարող է վտանգավոր լինել օդաչուի համար եւ գավաթի մասնակիցներին խորհուրդ տվեց չտրվել հաղթողի կոչմանն արժանանալու տարերքին, պահպանել անվտանգության կանոնները:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով