14:36  ,  4 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) նվաճեցին Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրեր:

Վոլոդյա Ֆրանգուլյանը քառորդ եզրափակիչում 13:2 հաշվով հաղթեց բուլղարացի Դիմիտար Իվանովին: Նա մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով պարտության էր մատնել սլովակ Միկոլա Բոլոտնյուկին: Կիսաեզրափակիչում Ֆրանգուլյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաեւի հետ: 

Գրիգոր Գրիգորյանն էլ երրորդ մենամարտում 5:4 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Ավտանդիլ Կենտչաձեից: Եզրափակիչի ուղեգրի համար Գրիգորյանը կպայքարի թուրք Սոմեր Դեմիրտասի հետ: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: 1/8 եզրափակիչում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության նախորդ 2 մրցումային օրերին Հայաստանի հավաքականից հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Ազատ ոճի ըմբշամարտի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մայիսի 5-ին, մեդալի համար կպայքարեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս