Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ակումբակիցների ու թիմի աշխատակիցների համար կազմակերպել է «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի փակ դիտում, հայտնում է ակումբի կայքը:
«Մենք պայքարող ազգ ենք, որը տեսել է ցեղասպանություն: «Խոստումը» ֆիլմի շնորհիվ վերջապես մեծ էկրանին ներկայացվեց ցեղասպանության իրական պատմությունը, թե ինչ է իրականում եղել 102 տարի առաջ: Սա շատ կարեւոր է հայերի համար, քանի որ մենք երկար տարիներ պայքարում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Դա յուրաքանչյուր հայի պարտքն է:
Անցել է 102 տարի, սակայն աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչի համար մենք շարունակում ենք պայքարել: Ինքս միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչի հասել եմ իմ կյանքում:
Յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում հանդիպելով հայրենակցի, անմիջապես մտերմանում է նրա հետ: Ինքներս պետք է պաշտպանենք մեզ: Մենք ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներ եւ ծոռներ ենք»,- ֆիլմի դիտումից հետո ասել է հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի շնորհանդեսը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին Լոս Անջելեսում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում