10:40  ,  28 ապրիլի, 2017

Ժոզե Մոուրինյո. «Մանչեսթեր Սիթին» կլինի լավագույն քառյակում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում:

«Ցանկանում էինք ակտիվ գործել հարձակման գծում եւ հաճախակի հակագրոհներ անցկացնել: Առաջին խաղակեսում մենք ամեն բան վերահսկում էինք, սակայն ընդմիջումից հետո ավելի բարդ էր: Մենք ստիպված էինք պայքարել մեկ միավորի համար:

Ես խոստացել եմ չխոսել բացակա ֆուտբոլիստների մասին, սակայն պետք է ասեմ, որ դաշտի կենտրոնում որակի պակաս կար: Առաջին խաղակեսում անցկացրինք վտանգավոր գրոհներ, բայց շատ էինք գնդակ կորցնում:

Ինչ վերաբերում է Ֆելաինիի կարմիր քարտին, ապա ես դիտել եմ կրկնապատկերը եւ զրուցել Մարուանի հետ: Նա կարծում է, որ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել միայն նրա համար, որ նա Ֆելաինին է: Ատկինսոնն ինձ ասաց, որ այդ դրվագում կար կարմիր քարտ: Ես խաղից հետո տեսա Սերխիո Ագուերոյին, նրա քիթը կոտրված չէր, գլուխը տեղում էր, իսկ դեմքը սովորականի պես հաճելի էր: Այնպես որ վստահ չեմ: Եթե նա չընկներ խոտածածկին, ապա հեռացում չէր լինի: 

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» կլինի լավագույն քառյակում՝ հաշվի առնելով այն խաղերը, որոնք նրանք պետք է անցկացնեն: Իսկ մենք «Արսենալի» ու «Լիվերպուլի» հետ կպայքարենք չորրորդ տեղի համար:

Մենք դեռ ունենք «Սելտայի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչն ու մի շարք խնդիրներ խաղացողների հետ: Սակայն շարունակելու ենք պայքարել, քանի դեռ ունենք տեսական շանսեր»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում