21:10  ,  20 ապրիլի, 2017

Բրիտանական Independent-ը՝ Արցախում ֆուտբոլի վիճակի մասին (ֆոտո)

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականը բացառիկ ռեպորտաժով անդրադարձել է Արցախում ֆուտբոլի վիճակին: Հոդվածագիրը պատմում է, թե ինչպես է չճանաչված պետությունը ձգտում անդամակցել ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին եւ հնարավորություն ստանալ մասնակցել այդ կազմակերպությունների մրցաշարերին: Արցախը մտադիր է ազգային հավաքականի մակարդակով մասնակցել միջազգային մրցաշարերի: Արդեն մի քանի տարի գոյություն ունի «Արցախ» ֆուտբոլային ակումբը, որը սակայն զրկված է Հայաստանի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

«Առայժմ բավարարվում ենք Հայաստանի եւ Վրաստանի թիմերի հետ ընկերական հանդիպումներով»,- ասել է ՈւԵՖԱ-ի Pro արտոնագիր ստացած մարզիչ Սլավա Գաբրիելյանը:

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը նշել է, որ այս տարի Արցախ կայցելեն օտարերկրացի մասնագետներ, որոնք իրենց փորձը կփոխանցեն արցախցի մարզիչներն եւ մարզումներ կանցկացնեն տեղի երեխաների հետ:

Ստեփանակերտ այցելած լրագրող Ռոբերտ Օ՝Քոնորն անդրադարձել է նաեւ եվրոպական ակումբային մրցաշարերի մասնակից ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմին: Նրա կարծիքով «Ղարաբաղը» խաղաքար է ադրբեջանական իշխանությունների համար, որոնք նավթային փողերով փորձում են իրենց իշխանությունը ցույց տալ Արցախի նկատմամբ:

«Կարծում ենք, որ ֆուտբոլը կապ չունի քաղաքականության հետ: Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի որոշելու, թե մեր երեխաները պետք է ֆուտբոլ խաղան, թե ոչ»,- նշել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վանյանը:

Հոդվածի հեղինակը հույս է հայտնում, որ շուտով արցախցի ֆուտբոլիստները հնարավորություն կստանան իրենց դրսեւորել միջազգային ասպարեզում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում