18:14  ,  13 հուլիսի, 2012

Ջոն Թերին արդարացվեց

Հուլիսի 13-ին Լոնդոնի Վեստմինստերի դատարանն արդարացրել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» խաղացող Ջոն Թերին, որը մեղադրվում էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ։ Թերիին սպառնում էր 2,500 ֆունտ ստերլինգ տուգանք։

«Դատավարության ժամանակ մենք լսեցինք բավարար վկայություններ, որոնք ապացուցում են, որ Թերին չունի ռասիստական նախապաշարումներ», - հայտարարել է դատավոր Ռիդլին, փոխանցում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ հետաքննության եւ դատավարության առարկա դարձած միջադեպը տեղի է ունեցել 2011թ. հոկտեմբերի 23-ին «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» եւ «Չելսիի» հանդիպման ժամանակ։ «Չելսին» այդ խաղում պարտվեց նվազագույն հաշվով։ Հանդիպումից հետո Ֆերդինանդը հայտարարեց, որ Թերին ռասիստական արտահայտություններ է արել իր հասցեին։ Թերին հարցաքննվեց 2011թ. նոյեմբերին, որից հետո ոստիկանությունը հարուցեց քրեական գործ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում