13:34  ,  2 փետրվարի, 2017

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզիչ. Լատվիայի թիմը լավ էր ուսումնասիրել մեզ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը ՀՖՖ կայքի հետ զրույցում ամփոփել է հունվարի 26-29-ը Լատվիայում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարիը, որում հայկական թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ լքելով պայքարը:

Պարոն Նիազյան, սկզբից խոսենք հանդիպումների մասին: Ի՞նչ տպավորություն թողեց Գերմանիայի հավաքականը:

Գերմանիայի խաղը բավականին դժվար ստացվեց: Չնայած այն հանգամանքին, որ գերմանացիներն առաջին անգամ էին մասնակցում այս կարգի մրցաշարի եւ փորձ չունեին, լավ թիմ ունեին, գործում էին տակտիկապես գրագետ: Ընդհանուր առմամբ, հավասար պայքար ընթացավ, բայց մենք մեծ ցանկություն ունեինք հենց առաջին խաղում հաղթանակ տանելու: Եթե դրան գումարենք մեր նվիրվածությունն ու փորձը, պարզ է դառնում, թե ինչի հաշվին կարողացանք հաղթել գերմանացիներին: Ես վստահ եմ, որ Գերմանիան մոտ ապագայում ֆուտզալում էլ լուրջ հավաքական կունենա:

Էստոնիայի հետ խաղը հաջող դասավորվեց մեր համար. Կարողացանք 3 րոպեում 3 գոլ խփել: Մենք նրանցից այդքա՞ն բարձր էինք կարգով, թե՞ կային նաեւ այլ պատճառներ:

Չէի ասի, թե կարգերի տարբերությունը շատ մեծ էր: Իհարկե, մեր որոշ ֆուտբոլիստներ անհատապես ավելի բարձր էին, սակայն մենք հաղթեցինք տակտիկապես ճիշտ գործելու հաշվին: Արագ գոլ խփեցինք, որից հետո կարողացանք խաղը կառուցել հակագրոհների վրա եւ հասանք հաջողության:

Ի՞նչը չստացվեց Լատվիայի հետ խաղում:

Շատ արագ գոլ ընդունեցինք, ինչն իրենց հանգստացրեց, իսկ մեզ՝ հակառակը: Մեզ մոտ ավելորդ շտապողականություն առաջացավ, որովհետեւ մենք պետք է գոլ խփեինք, իսկ իրենք սկսեցին գրագետ պաշտպանվել՝ չթողնելով, որ մենք  գոլային շատ պահեր ստեղծենք: Մեր գործն ավելի դժվարացավ, երբ մեր սխալի պատճառով ազատ հարված նշանակվեց, եւ հաշիվը դարձավ 0:2: Մենք 5-րդ խաղացող մտցրեցինք, կարողացանք մեկ գոլ խփել, բայց ավելի անել չկարողացանք, իսկ վերջին գոլերն արդեն դատարկ դարպասին ընդունեցինք, որովհետեւ դարպասապահի փոխարեն խաղացող էինք մտցրել: Ցավալի պարտություն էր, որովհետեւ բավականին մոտ էինք մրցաշարը հաջող եզրափակելուն: Ընդհանուր առմամբ, մեր բոլոր մրցակիցները գրեթե հավասարազոր էին: Լատվիացիները, թերեւս, տակտիկապես ավելի գրագետ էին, ինչի շնորհիվ էլ կարողացան հաղթանակ տանել:  

Ի՞նչն էր պատճառը, որ լատվիացիների բարձր պրեսինգից չէինք կարողանում հեշտությամբ դուրս գալ:

Մեզ լավ էին ուսումնասիրել. մենք ուզում էինք կազմակերպված պաշտպանությունից խաղալ, որովհետեւ մեր առավելությունը մեր արագ հակագրոհներն են: Մեր մտածածը ստացվեց Էստոնիայի հետ խաղում, բայց Լատվիայի հետ խաղում արագ գոլը խառնեց մեր խաղաքարտերը:

Իսկ չկա՞ր երկրորդ տարբերակ՝ նախատեսված այդ դեպքի համար:

Իհարկե կար, մենք պետք է ավելի արագ խաղարկեինք գնդակը հարձակման փուլում, տեղաշարժն էլ պետք է շատ լիներ, անակնկալ կոմբինացիաները՝ եւս, բայց ոչ միշտ է ստացվում այն, ինչ պլանավորում ես: Լատվիացիները շատ գրագետ պաշտպանվեցին:  Ընդ որում, նրանց երկու քառյակները գրեթե հավասարազոր էին: Մենք 0:2 հաշվի ժամանակ մտցրեցինք 5-րդ խաղացողի, բայց, ցավոք, չկարողացանք իրացնել մեր թվային առավելությունը:

Կա՞ն խաղացողներ, որոնք կարող էին լինել հավաքականում, բայց տարբեր պատճառներով չէին հրավիրվել հավաքական:

Չէի ասի:Հավաքագրել էինք նրանց, ովքեր, մեր կարծիքով, այս պահին ուժեղագույնն են եւ կարող են առավելագույն օգուտ տալ հավաքականին: Եվ մրցաշարը ցույց տվեց, որ չէինք սխալվել: Տղաներից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բոլորն էլ աշխատեցին, նվիրվեցին, մի փոքր չհերիքեց միայն վերջին խաղում:

Իսկ առաջին քառյակի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

Ճիշտ է՝ այս անգամ չունեինք ակումբային համագործակցություն, այսինքն նույն ակումբում հանդես եկող 4 ֆուտբոլիստներ, որոնց համագործակցությունն ավելի լավ կլիներ, բայց կարծում եմ՝ օպտիմալ դասավորություն էինք ընտրել: Նրանք մարզումների ընթացքում էին ապացուցել, որ արժանի են լինել մեկնարկային քառյակում:

Տպավորություն կար, որ մենք անհատապես չէինք զիջում որեւէ թիմի:

Կարծում եմ՝ ճիշտ եք նկատել: Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչը եւս խաղից հետո նշեց, որ մեր խաղացողները բավականին ուժեղ են անհատապես:

Ի՞նչ կարծիքի եք դարպասապահ Էռնեստ Ակոպովի՝ կարիերան հավաքականում ավարտելու որոշման մասին:

Իմ կարծիքով Ակոպովը դեռ կարող էր օգտակար լինել, բայց դա նրա որոշումն է: Ակոպովը շատ բան է արել հավաքականի եւ ընդհանրապես, հայկական ֆուտզալի համար, ուստի մենք պետք է հարգենք նրա ցանկությունը: Մենք ունենք եւս մեկ շատ լավ դարպասապահ՝ Սարգիս Ասկաջյանը Լիբանանից: Հիմա պետք է փորձենք պատրաստել եւս մեկ լավ դարպասապահ, որովհետեւ հատկապես մրցաշարերի ընթացքում միշտ պետք է ունենալ երկու լավ դարպասապահ:

Ասկաջյանի չխաղալու պատճառը թիմին ուշ միանա՞լն էր:

Դա գործոններից մեկն էր, բայց հիմնական պատճառն Ակոպովի հուսալիությունն ու վստահությունն էր: Իսկ ընդհանրապես, նրանք հավասարազոր դարպասապահներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը:

Վերջին տարիներին մեր ֆուտզալում մեծ առաջընթաց կա: Ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք էլ ավելի հաջող հանդես գալ եւ կայուն կերպով հաղթահարել նախնական փուլերը:

Կարծում եմ՝ պետք է ավելանա թիմերի եւ պրոֆեսիոնալ ֆուտզալիստների քանակը: Այդ առումով ֆեդերացիան մեծ աշխատանք է տանում: Նպաստավոր է նաեւ Բիզնես լիգայի ձեւավորումը, որի շնորհիվ, հնարավոր է, հավաքականի համար նոր խաղացողներ հայտնաբերենք: Ուրախալի է, որ մեր կազմում եւս արդեն կան խաղացողներ, որոնք հենց ֆուտզալիստներ են, ոչ թե նախկին ֆուտբոլիստներ: Մենք արդեն ֆուտզալ ենք խաղում՝ այդ խաղին բնորոշ շարժումով, տակտիկայով, հոգեբանությամբ: Առանց դրա մեծ մրցաշարերում հաջողության չես հասնի: Կարծում եմ՝ մեր ֆուտզալի համար նաեւ կարող է շատ օգտակար լինել Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Իրանում ֆուտզալը շատ բարձր մակարդակի է, եւ եթե կարողանանք տարվա ընթացքում նրանց հետ ընկերական հանդիպումներ անցկացնել, մարզչական փորձի փոխանակում կազմակերպել, կարծում եմ՝ լավ արդյունքներ կունենանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում