01:48  ,  30 դեկտեմբերի, 2016

Սերենա Ուիլյամսը՝ Ալեքսիս Օհանյանից ամուսնության առաջարկ ստանալու մասին

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչպես է ամուսնության առաջարկ ստացել Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր եւ համասեփականատեր, Բրուքլինում ծնված ամերիկահայ Ալեքսիս Օհանյանից:

«Ես մի փոքր ուշ եկա տուն: Ինձ կառք էր սպասում: Ժամանման կետը՝ «Հռոմ»: Ինձ տարան այնտեղ, որտեղ մենք հանդիպել էինք առաջին անգամ: Շրջանը փակվեց: Նա արտաբերեց չորս բառ, ես ասացի՝ «այո»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է People-ը:

1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:

2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:

35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում