15:36  ,  10 հուլիսի, 2012

«Յուվենտուսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Վերդեր»

Բրեմենի «Վերդերը» հուլիսի 10-ին պաշտոնապես ձեռք է բերել Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի կիսապաշտպան Էլժերո Էլյային: 25-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար գերմանական ակումբը վճարել է 5.5 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Էլյային ձեռք բերելու համար «Յուվենտուսը» 2011 թվականին 9 միլիոն եվրո էր վճարել գերմանական «Համբուրգին»: А Սերիայում հոլանդացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է չորս հանդիպում, ինչպես նաեւ մասնակցել է գավաթային խաղի:

«Ես առաջարկներ ունեի անգլիական Պրեմյեր լիգայից եւ գերմանական Բունդեսլիգայից: Ես ընտրեցի «Վերդերը», քանի որ բրեմենյան ակումբում կարող եմ ցուցադրել լավագույն որակներս: Բացի այդ, Բունդեսլիգան ինձ համար լավագույն առաջնություններից մեկն է աշխարհում: Ցանկանում եմ ուժերս փորձել հենց Գերմանիայում»,- Էլյայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում