16:02  ,  1 դեկտեմբերի, 2016

Դավիթ Թորոսյան. Հայաստանի հավաքականն ունի աճելու մեծ հնարավորություններ

Հավաքականը գլխավորել առաջարկեց Արթուր Գեւորգյանը, ես էլ սովորական արձագանքեցի, քանի որ վաղուց ոչնչից չեմ զարմանում:

Այս մասին հայտարարեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Դավիթ Թորոսյանը, որը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կորդինալ փոփոխություններ հավաքականում չեն լինելու, բայց աշխատանքային ընթացակարգը փոխվելու է: Այս մարզաձեւը մոտեցնելու եմ ուժային ձեւին: Կան լավ ու վատ մասնագետներ, բայց մեծամասնությունը չի ցանկանում ընկալել մի բան, որ բռնցքամարտն ուժային ձեւ է, եթե հարվածում ես, ապա շատ ուժեղ: Այս մտածելակերպը մի փոքր այլ է մեր մասնագետների մոտ: Արդյունք կունենանք այն դեպքում, երբ այս բոլոր նուրբ հարցերը դնենք իրենց տեղերը: Բոքս ենք անելու, բայց ավելի արդյունավետ: Մարզիչներին պետք է տեղադրենք իրենց տեղերում: Մեկ շաբաթից կներկայացնեմ մարզչական շտաբը, այժմ անուններ չեմ տա, թե ով պետք է աշխատի ինձ հետ:

Այն հավաքականը, որն ինձ կրկին ժառանգություն հասավ Կարեն Աղամալյանից, մեծ հնարավորություններ ունի աճելու, բարձր արդյունքի հասնելու: Չգիտեմ, թե իրականում ինչ է թողել ինձ Կարեն Աղամալյանը: Ժամանակը ցույց կտա: Միայն կասեմ, որ բոլոր բռնցքամարտիկները, մեր օլիմպիականները եւս պարտադիր շարունակելու են մնալ ազգային թիմում՝ համատեղելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում