14:56  ,  10 հուլիսի, 2012

Արման Վահանյան. Թյուրիմացություն է եղել. ոչ մեկին էլ անգրագետ չեմ համարում

NEWS.am Sport-ի հունիսի 12-ի  «Հայաստանը ստացավ եւս երկու օլիմպիական ուղեգիր» լողում օլիմպիական ուղեգրեր ստանալու մասին հրապարակումից հետո հայտնված մեկնաբանությունը լողի եւ ջրագնդակի մարզիչ Ռաֆայել Վասիլյանի հեղինակությամբ, զայրացրել էր օլիմպիականներին եւ նրանց մարզիչին:

NEWS.am Sport-ի՝ հուլիսի 2-ին հրապարակած «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը իրար դեմ է տրամադրում լողորդներին» հարցազրույցը, ավելի զարգացրեց լողի ներկայացուցիչների եւ լողորդների միջեւ առկա խմորումները: Այս հրապարակումը եւս վրդովեցրեց լողորդներին եւ այս մարզաձեւի ներկայացուցիչներին:

Հարցազրույցը մեծ իրարանցում առաջացրեց նաեւ համացանցում`  NEWS.am Sport-ի մեկնաբանությունների բաժնում: Իսկ իրարանցման պատճառը հարցազրույցում լողի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիականներ Միքայել Քոլոյանի եւ Անահիտ Բարսեղյանի անձնական մարզիչ Արման Վահանյանի մեկնաբանությունն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի եւ նրա համախողների՝ օլիմպիականներ Միքայել Քոլոյանին եւ Անահիտ Բարսեղյանի Լոնդոն մեկնելու մասին ոչ դրական արձանագքի վերաբերյալ:

Հուլիսի 9-ին NEWS.am Sport-ի խմբագրություն այցելեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի աշակերտներից մեկը եւ հայտնեց, որ Արման Վահանյանի մեկնաբանությունը վրդովեցրել է բոլոր լողորդներին եւ Միսակ Գաբրիելյանի սաներին:

NEWS.am Sport-ի թղթակիցը կրկին կապ հաստատեց Արման Վահանյանի հետ: Նա նշեց, որ չի հրաժարվում Միքայել Քոլոյանի` Պեկինում ցուցադրած արդյունքների մասին լողորդների վատաբանման մեկնաբանությունից:

«Որպես լողի մարզիչ ես հայտնել եմ իմ վրդովմունքը Միքայելի` Պեկինում ցուցադրած լավ արդյունքը կասկածի տակ դնելու փաստի կապակցությամբ: Դա իսկապես ոչ մասնագիտական մոտեցում է եղել լողի ներկայացուցիչների կողմից, որոնք հայտարարել են, թե Միքայելը վատ է հանդես եկել Պեկինում: Ես մնում եմ իմ կարծիքին եւ այն մտքին եւս, որ Հայաստանը Լոնդոն-2012-ում ներկայացնելու է մեր լավագույն լողորդը»,- նշեց Արման Վահանյանը:

Միսակ Գաբրիելյանի սաներին եւ համախոհներին մասնավորապես զայրացրել է Արման Վահանյանի այն խոսքը, թե անգրագետ մարդը չի կարող լինել հավաքականի գլխավոր մարզիչ:

Այս մասին Արման Վահանյանն ասաց.

«Թյուրիմացություն է եղել: Ես ոչ մեկին էլ անգրագետ չեմ համարում: Ուղղակի Միքայել Քոլոյանի` Պեկինի արդյունքները վատ համարելն եմ անգրագետ մոտեցում համարում լողորդների կողմից»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով