00:09  ,  8 նոյեմբերի, 2016

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի ակումբային առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Լեւոն Արոնյանը գլխավորում է իտալական «Պադովա» ակումբը: Թիմում ընդգրկված են նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Էթիեն Բաքրոն, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Ալբերտ Դավիդը, Դանիելե Վոկատուրոն եւ Դանիիլ Դվիրնին, հաղորդում է ՀՇՖ կայքը: «Պադովան» իր շախմատիստների միջին վարկանիշով (2718) երրորդն է ռուսական «Սիբիրից» (2745) եւ մակեդոնական «Ալկալոիդից» (2732) հետո:

Լիլիթ Մկրտչյանը հանդես է գալիս ռուսական «Յուգրա» թիմի կազմում: Նրա թիմակիցներն են Աննա Ուշենինան, Նատալյա Պոգոնինան, Մարինա Նեչաեւան ու Բաիրա Կովանովան: «Յուգրան» իր միջին վարկանիշով (2451) եւս երրորդն է Մոնտե Կարլոյի թիմից (2547) եւ Բաթումի ՆՈՆԱ-ից (2454) հետո:

Առաջին տուրում «Պադովան» 5.5:0.5 հաշվով առավելության է հասել «Էն Պասանտ» ակումբի նկատմամբ: Թիմի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջին տուրին չեն մասնակցել:

«Յուգրա» ակումբը առաջին տուրում 3:1 հաշվով հաղթեց «Ֆիշեր» ակումբին, Մկրտչյանը պարտվել է Օլգա Զիմինային:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում հայտավորված է 62 թիմ, կանանց մրցապայքարին մասնակցում է 14 թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով