10:07  ,  31 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է միայնակ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին միայնակ է մարզվել անգլիական ակումբի մարզաբազայում, հաղորդում է Daily Mail-ը:

Դա տեղի է ունեցել «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի տնային խաղի հաջորդ օրը: Հայաստանի հավաքականի ավագը չէր հայտավորվել Մանչեսթերում կայացած հանդիպմանը, որն ավարտվել էր 0:0 հաշվով:

Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահեցրել էր, որ Մխիթարյանն աստիճանաբար կհարմարվի անգլիական ֆուտբոլին եւ կցուցադրի իր լավագույն որակները: Հենրիխը վաղուց վերականգնվել է վնասվածքից, սակայն դեռ չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Նոյեմբերի 11-ին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցի Չեռնոգորիայի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով